Արդեն մի քանի շաբաթ է՝ մեկնարկել են միջնադարյան Լոռի բերդի վերականգնման լայնածավալ աշխատանքները։ Ստեփանավանից ոչ հեռու՝ Ձորագետ և Միսխանա գետերի հատման վայրում կառուցված բերդաքաղաքը մի քանի տարի հետո զբոսաշրջիկներին կներկայանա նորովի՝ արդեն վերակառուցված տեսքով։
Լոռի բերդի քաղաքացիական կառույցը
© Sputnik / Aram Nersesyan
Ըստ պատմական հիշատակումների՝ բերդը կառուցել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղից Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը 8.5 հա է:
Բուն բերդաքաղաքի տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
1966թ․-ից սկսած բերդաքաղաքում ու դրա հարակից տարածքում պեղումներ են իրականացվել՝ յուրաքանչյուր տարի հնագիտական հետաքրքիր նյութեր ու փաստեր ի հայտ բերելով։ Հաշվի առնելով Լոռի բերդի պատմահնագիտական կարևորությունն ու նշանակությունը, զբոսաշրջային հետաքրքրությունն ու միջամտության հրատապությունը՝ որոշում ընդունվեց վերականգնել այն։
Լոռի բերդի քաղաքացիական կառույցը
© Sputnik / Aram Nersesyan
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ասում է՝ երբեմն հուշարձաններն իրենք են, այսպես ասած, թելադրում վերականգնման հրատապությունը, ու սա այդ դեպքերից է։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյան
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ։ Վերականգնման նախագիծն իրականացրել և հեղինակային հսկողություն է իրականացնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Ծրագիրը բարդ է և բազմաբաղադրիչ. վերականգնվելու է ոչ միայն պարսպապատը, այլև քաղաքացիական կառույցը, որն ինչ-որ ժամանակ նաև եկեղեցի է եղել, նաև երկու բաղնիքները։
«Ծրագիրը բավականին ընդգրկուն է, բաղկացած է մի քանի փուլից, իրականացվելու են այս պահին գոյություն ունեցող կառույցների վերականգնման, ամրակայման կամ մասնակի վերականգնման աշխատանքներ»,- նշում է Խաչիկ Հարությունյանը։
Ի դեպ, 2014թ․ բերդում վերականգնման որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել էին: Վերականգնվել էր, մասնավորապես, պարսպապատի մի հատվածը, սակայն մեծածավալ աշխատանքներին հերթը չէր հասել։ Այս պահին շինարարներն աշխատում են քաղաքային կառույցի հատվածում։
Վերականգնողական աշխատանքներ Լոռի բերդում
© Sputnik / Aram Nersesyan
Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը նշում է՝ բազմաշերտ կառույցի հետ գործ ունեն, որը տարբեր ժամանակներում մե՛կ եկեղեցի է եղել, մե՛կ քաղաքացիական կառույցի վերածվել՝ նաև ճարտարապետական փոփոխությունների ենթարկվելով։
Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան
© Sputnik / Aram Nersesyan
«Աշխատում ենք ամբողջացնել կառույցը, ամենակարևորը՝ ֆիզիկական իմաստով կառույցը պահպանել, որ կարողանանք մշակութային արժեքներն ավանդել մեր սերունդներին։ Աշխատել ենք բոլոր շերտագրությունները պահպանել։ Շինարարության մեջ տարբեր գույների քարեր են օգտագործվել՝ ֆելզիտ, տուֆ, բազալտ և այլն, բոլոր քարերի համար նյութաբանական հետազոտություններ են արվել, աշխատում ենք նույն քարերով էլ վերականգնումն անել»,- ասում է վերականգնող ճարտարապետը։
Լոռի բերդի վերականգնման նախագիծը
© Sputnik / Aram Nersesyan
Շուտով մեկնարկելու է նաև պարսպապատի վերականգնման աշխատանքը։ Հաջորդն արդեն երկու բաղնիքներն են։
Լոռի բերդի բաղնիքը
© Sputnik / Aram Nersesyan
Ըստ վիճակագրության՝ Լոռի բերդ այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանում է։ Իրականացվող լայնածավալ աշխատանքների ընթացքում պատմամշակութային արգելոց զբոսաշրջային հոսքը չի դադարեցվելու։ Պատասխանատուները կարծում են, որ իրականացվող վերականգնման աշխատանքները նաև հյուրերի համար ազդակ կլինեն՝ ավելի հոգատար ու սրտացավ լինել հուշարձանի հանդեպ։