Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ուկրաինական գրոհներից տուժած Կուրսկի մարզ։
Բեռները մարզ են հասել ավտոշարասյուներով։
Մարդասիրական օգնության մեջ ներառված են վրաններ, վերմակներ, անկողնային պարագաներ, սնունդ և այլն:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: