ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է անում դատապարտել Կիևի ահաբեկչական հարվածները Ռուսաստանի տարածաշրջաններին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Միևնույն ժամանակ Զախարովան վստահ է, որ ռուսական կողմի կոչն անպատասխան կմնա:
«Հերթական անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին հանդես գալ ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները դատապարտող հայտարարությամբ։ Չնայած վստահ ենք, որ պատասխանը կլինի պրոֆիլային կառույցների ամոթալի լռությունը», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները, որոնք ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, խաղաղ բնակիչների սպանությանն ու ահաբեկմանը:
Զախարովայի խոսքով՝ Կիևի ռեժիմը շատ լավ հասկանում է, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից ոչ մի իմաստ չունեն, բայց շարունակում է վարձահատույց լինել իր տերերի տված վարկերի համար:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: