ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սևանա լիճն արդեն մի քանի օր է՝ մեկտեղել է տարբեր երկրների պատանի առագաստանավորդներին։ Օգոստոսի 4-ից մեկնարկել է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Դեռ խորհրդային ժամանակներից անցկացվող հուշամրցաշարն այս տարի ունի ավելի քան 4 տասնյակ մասնակիցներ 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ռուսաատան։ Ռուսական կողմն այս տարի առանձնահատուկ ակտիվ է՝ կան մասնակիցներ Մոսկվայից, Սոչիից, Յեյսկից, Յալթայից, Նովոսիբիրսկից։
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
© Sputnik / Aram Nersesyan
«Այս տարի մրցույթն ավելի թեժ էր` ավելի դժվար, համառ պայքար էր»,- նշում է Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը։
Ասում է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե այս սպորտաձևի վերջն էլ է եկել. կատակում է՝ սպորտը թաղել էին, քարն էլ վրան դրել, բայց իրենց հաջողվեց վերակենդանացնել առագաստանավային սպորտը։
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
© Sputnik / Aram Nersesyan
Հպարտությամբ նշում է՝ այս տարի ոչ միայն արտերկրից ժամանած հյուրերն էին շատ, այլև հայ մասնակիցների թիվն էր ավելի շատ նախորդ տարիների համեմատ։
«16 մասնակիցներ ունեցանք, դեռ շատերն էլ ափին մնացին, արդեն մասնակիցների թիվը լրացել էր»,- ասում է Հակոբյանը։
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan
Այս տարի ևս մրցաշարը երկու դասում է անցկացվում՝ «Օպտիմիստ» և «Լուչ», յուրաքանչյուր դասում կան աղջիկների և տղաների խմբեր։
«Օպտիմիստ» դասում հանդես եկող 15-ամյա Նարե Սուքիասյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ է հաղթում։ Ասում է՝ այս տարի ավելի դժվար էր, քանի որ մրցակցությունն ավելի մեծ էր։
Նարե Սուքիասյան
© Sputnik / Aram Nersesyan
«Վերջին մրցավազքում ամեն ինչ որոշվեց։ Եթե ես մի տեղ հետ ընկնեի, հաստատ առաջին տեղ չէի լինի։ Մեզ մոտ շատ հավես է, Սևանում ավելի դժվար է առագաստանավ քշելը, քան ծովում, էստեղ ավելի դանդաղ է նավը գնում, որովհետև ջուրը քաղցրահամ է, իսկ ծովում նավը թռչում է։ Դրա համար էլ ով կարողանում է էստեղ քշել, ծովում հաստատ կկարողանա»,- ասում է Նարեն։
«Լուչ» դասում հանդես եկող 18-ամյա Նիկոլոս Թաթարիշվիլին (որը ներկայացնում է Վրաստանը) նույնպես արդեն երկրորդ տարին անընդմեջ է հաղթում, բայց շեշտում է՝ հաղթանակն այս անգամ ավելի դժվար տրվեց. մրցակիցներն ավելի շատ էին ու ավելի ուժեղ։
Նիկոլոս Թաթարիշվիլի
© Sputnik / Aram Nersesyan
«Այստեղ լավ ալիքներ կան, հետաքրքիր փորձառություն է տալիս»,- ասում է Նիկոլոսը։
«Օպտիմիստ» դասում հանդես եկող 13-ամյա Օլեգ Ուշկովը (ներկայացնում է Ռուսաստանը) անցյալ տարվա նման այս տարի էլ հարազատ Սոչի կվերադառնա հաղթական գավաթով։ Խոստովանում է՝ այս անգամ սխալներ շատ է արել, ուղղակի սպորտային բախտն իր հետ էր։
Օլեգ Ուշկով
© Sputnik / Aram Nersesyan
«Կարևորը սխալները վերլուծելն է, որ հաջորդ անգամ դրանք չկրկնեմ»,- նշում է Օլեգն ու հավելում՝ հաջորդ տարի էլ է անպայման գալու։
Սուխումի ակումբի սան, Ռուսաստանը ներկայացնող 12-ամյա Լեոնիդ Ագրբան այս տարի տուն է գնում առանց մրցանակի, բայց ոչ տխուր։
Լեոնիդ Ագրբա
© Sputnik / Aram Nersesyan
«Սևանի այս մրցույթն ամեն տարի ավելի լավն է դառնում։ Ուժեղ մրցակիցներն ավելի շատ էին։ Ես, իրականում, ավելի լավ եմ սկսել զգալ քամին, իսկ Սևանում քամիները շատ ուժեղ են։ Ես լավ փորձ եմ ձեռք բերում, հաղթանակն այնքան էլ կարևոր չէ»,- ասում է Լեոնիդը։
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
© Sputnik / Aram Nersesyan
Բոլորը գալիս են հաղթանակի հետևից, բայց նույնիսկ բուն մրցաշարում չհաղթելու դեպքում մեծ ձեռքբերումով են տուն վերադառնում՝ նոր ընկերներ, փորձ և ջերմ հիշողություններ երբեմն շատ անկանխատեսելի Սևանից։
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
© Sputnik / Aram Nersesyan