ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Փլուզման հետևանքով հանքի երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նրանք տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ավելի ուշ shamshyan com-ը գրեց, որ հայտնի է Սոթքի ոսկու հանքավայրում տեղի ունեցած փլուզումից տուժածների ինքնությունը։ Նրանցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք ախտորոշմամբ, մյուսը` Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի փակ կոտրվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ։
Հիշեցնենք` հանքը շահագործող «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը 2023 թվականի մայիսի 30-ին պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցնելու որոշման մասին։
Սոթքի ոսկու հանքավայրում փակ (ստորգետնյա) եղանակով արդյունահանման մեկնարկը տրվեց 2024թ–ի մարտին։