Հայաստանում 86.7 %–ով ավելացել է անկանխիկ գործարքների քանակը. ՊԵԿ

ՀԴՄ–ով իրականացված գործարքների ցուցանիշը նույնպես գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք` 485.1 մլրդ դրամ արժեքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները քանակային 36.6 մլն անկանխիկ գործարքով կամ 86.7%-ով, իսկ արժեքային` 154.2 մլրդ դրամով կամ 46.6%-ով:
ՊԵԿ–ից տեղեկացնում են նաև, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. հունվար–հուլիս ամիսների ընթացքում իրականացվել է 404.6 մլն գործարք` 7 տրլն 329.4 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 42 մլն գործարքով կամ 11.6%-ով, իսկ արժեքային` 953.2 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով:
«Միայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թ. 7 ամսում իրականացվել է 377.4 մլն գործարք` 1 տրլն 571.4 մլրդ դրամ արժեքով»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՀԴՄ–ով իրականացված այս գործարքների ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը քանակային 34.6 մլն գործարքով կամ 10.1 %-ով, իսկ արժեքային` 112.7 մլրդ դրամով կամ 7.7%-ով:
Թոշակառուները և նպաստառուները 10%-ի փոխարեն այսուհետ կստանան 12% հետվճար. Մկրտչյան
Նշենք, որ այստեղ զգալի դեր կարող էին խաղալ թոշակառուների գնումները, քանի որ այս տարվանից նրանք սկսել են ավելի շատ օգտվել բանկային քարտերից (հունվարի 1-ից պետությունն ամբողջությամբ վճարում է կենսաթոշակային քարտերից քեշբեքը, ուստի համակարգին միացել են հանրապետության բոլոր բանկերը): Եթե նախորդ տարվա գարնանը քեշբեքից օգտվում էր 100 հազարից մի փոքր ավելի թոշակառու, ապա հիմա՝ մոտ 240 հազար։
Մյուս պատճառը քարտային գնումների տարածումն է այն շրջաններում, որտեղ pos տերմինալներն արդեն լայնորեն տարածվել են: Վերջապես, երրորդ պատճառը հարկային ծառայության ավելի խիստ վերահսկողությունն է, որի պարագայում վաճառողների համար ավելի ու ավելի դժվար է դառնում հաճախորդներին համոզել գնումը կանխիկ կատարել (պատճառաբանելով, թե «pos-ը փչացել է, վաղը կսարքեն»)։