ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արդեն 3-րդ անգամ Սյունիքի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին կանցկացվի «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնը։
Միջոցառումը կազմակերպում են Տուրիզմի հայկական ֆեդերացիան և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ սա հարևան ժողովուրդների համար ևս մեկ հնարավորություն է իրար ավելի լավ ճանաչելու, բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու համար։
Մեխակ Ապրեսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք պետք է ավելի ակտիվացնենք նման միջոցառումները՝ ամրապնդելու և զարգացնելու մեր հազարամյակների բարեկամությունը, նաև միասնաբար ավելի մրցունակ հանդես գալու համաշխարհային զբոսաշրջային շուկայում»,- փառատոնին ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ապրեսյանը։
Հայկական և իրանական խոհանոցները բազմաթիվ նմանություններ ու տարբերություններ ունեն։ Գլխավոր նմանություններից մեկն այն է, որ երկու ժողովուրդների տոնածիսական կերակուրների հիմքը հացահատիկային է։ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը փառատոնում ներկայացվող կերակուրներից առանձնացրեց հարիսայի տարատեսակները` այսպես ասած, չխառնվող հարիսան, որը խաղաղությանը միտված կերակուր է։
Սեդրակ Մամուլյան
© Sputnik / Aram Nersesyan
«Խոհանոցը՝ որպես մշակութային ժառանգություն, այն եզակի լեզուներից է, որը հասկանում են բոլորը, այն միավորող, մեկտեղող է։ Եթե հնարավոր լիներ աշխարհի ղեկավարման վահանակները զիջել խոհարարներին, աշխարհը կլիներ ավելի խաղաղ ու բարի»,- ասաց Մամուլյանը։
Այս տարի փառատոնն ավելի մեծ ընդգրկում ունի, մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերել իրանական կողմը։ Նրանք ներկայացնելու են ոչ միայն իրանական ավանդական կերակրատեսակները, այլև մշակույթը՝ երաժշտություն, ձեռարվեստ։
«Անկասկած, այս կարևոր իրադարձությունն իր մեծ ազդեցությունն է թողնելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում։ Իրանի ու Հայաստանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, սա կնպաստի, որ իրար ավելի լավ ճանաչենք»,- նշեց Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Մոհամմադ Ասադի Մովահեդ
© Sputnik / Aram Nersesyan
Այս տարի Իրանի 5 նահանգներից են մասնակիցներ գալու Սիսիան։ Եթե փառատոնի անցկացման առաջին տարում իրանական կողմի տաղավարները 10-ի չէին հասնում, երկրորդ տարում արդեն 22 տաղավարներով էին ներկայանում, իսկ այս տարի՝ առնվազն 30։
Փառատոնի շրջանակում նաև խոհարարական մրցույթ է անցկացվելու։ Սեդրակ Մամուլյանի խոսքով` մրցույթը հավակնում է միջազգային դառնալ, և այս ուղղությամբ մեծ ջանքեր են ներդրվում։
Ակնկալվում է, որ Սիսիան կայցելեն ոչ միայն զբոսաշրջիկները, այլև օտարերկրյա հյուրեր կլինեն։ Կազմակերպիչները հյուրերին հրավիրում են գիշերն էլ դիմավորել Զորաց քարերում՝ Հայկի համաստեղության դիտումով։ Վստահ են՝ այս ամբողջի հանրագումարը զբոսաշրջային բացառիկ արդյունք է, որը հաստատ զբոսաշրջային մեծ հոսք է բերելու մեր երկիր։