Արդար որոշում էր. Դոլմազյանը` իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը. Արխիվային լուսանկար
ԲԴԽ–ն այսօր որոշում կայացրեց մերժել Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը համարում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը արդար է։ Այս մասին նա ասաց Mediahub-ի հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության չենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ակնկալում էի արդար որոշում, ինչի ականատեսը մենք եղանք»,– նշեց Դոլմազյանը։

Լրագրողի նկատառմանը, որ Մինասյանի կողմից միջնորդություն ներկայացնելը, իսկ ԲԴԽ–ի կողմից այն մերժելը շոուի էր նման, դատավորը ցնդաբանություն որակեց։ Նա ընդգծեց նաև, որ դատական համակարգը և բարձրագույն դատական խորհուրդն այդքան ժամանակ չունեն, որպեսզի շոուներ կազմակերպեն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։