Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին վերականգնվում է

Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի
Վերականգնման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2-3 տարվա ընթացքում, բարեկարգվելու է նաև շրջակա տարածքը, եկեղեցի են վերադարձվելու 90-ականներին այստեղից տարված սրբապատկերները։
Sputnik
Արդեն մոտ 1 ամիս է՝ Լոռու մարզի Ամրակից գյուղում մեկնարկել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու ամբողջական վերականգնման ծրագրի շինարարական աշխատանքները։ 1840-ականներին կառուցված եկեղեցին լրջորեն վնասվել էր 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Տասնամյակների դադարից հետո Sputnik Արմենիայի նկարահանող խումբը թերևս առաջինն է, որ կարողացել է եկեղեցու ներսում նկարահանումներ իրականացնել։ Քանի որ շինությունը խիստ վթարային էր, անվտանգությունից ելնելով՝ դռները փակվեցին մյուսների համար։ Երկար տարիներ քննարկվում էր եկեղեցին վերականգնելու հարցը, սակայն այդպես էլ հարցը գործնական փուլ չհասավ։
1 / 6

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցու ներսում

2 / 6

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցու ներսում

3 / 6

Առաստաղը

4 / 6

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցու ներսում

5 / 6

Խաչիկ Հարությունյանը ցույց է տալիս վնասված առաստաղը

6 / 6

Շինարարներն ու վերականգնող ճարտարապետը եկեղեցու ներսում

Վերջին տարիներին հանրապետության ամբողջ տարածքում հուշարձանների վերականգնման աշխատանքներն աննախադեպ ծավալով են իրականացվում։ Վերականգնվող օբյեկտներն ընտրելիս հաշվի են առնում և՛ միջամտության հրատապությունը, և՛ կոթողի պատմամշակութային, և՛ զբոսաշրջային կարևորությունը։ Այսպես որոշում կայացվեց վերականգնել նաև Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին։
Շինաշխատանքներ Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցում
Նախագծային աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին, համալիր հետազոտություն է արվել, այնուհետև չափագրական աշխատանքներ են կատարվել։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, ֆինանսական միջոցներն ամբողջությամբ պետական բյուջեից են տրամադրվել։
1 / 4

Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին

2 / 4

Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին

3 / 4

Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին

4 / 4

Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին

Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը հիշում է, որ առաջին անգամ Ամրակից, այն ժամանակ՝ Նիկոլաևկա (ժամանակին այստեղ մեծ թվով ռուսներ էին ապրում) եկավ Հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ 1989 թ․։ Առաջադրանք էր տրված՝ գնահատել երկրաշարժից տուժած հուշարձանների վիճակը, փաստագրել։ Աշխատանքներն արվեցին, բայց այս հուշարձանի վերականգնման հերթը մոտ 35 տարի հետո եկավ։
66-ամյա Մարիա տատը, որն ազգությամբ ռուս է, մկրտվել է Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցում
19-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցին վերակառուցվել է 1910-1914թթ․՝ ստանալով ներկայիս տեսքը, ու քանի որ վերականգնումը ենթադրում է նախնական տեսքի վերադարձ, նաև հին տեխնոլոգիաների օգնությանն են դիմում։
Եզակի Երերույք․ ճարտարապետական հրաշք՝ հայ-թուրքական սահմանից մի քանի մետրի վրա
«Արդեն ամրակայման համար ներարկումներն են սկսվել՝ կրավազային շաղախով, ճնշման տակ։ Ռուսական սովորույթի համաձայն` այստեղ նաև սրբապատկերներ են եղել, իկոնոստասը (սրբապատկերներով կմախքային միջնորմ) ևս ապամոնտաժվել է, որը նույնպես պետք է վերականգնվի։ Սրբապատկերներից մի քանիսն 90-ականներին տեղափոխվել են, տարվել են Գյումրու ռուսական եկեղեցի, այնտեղ է պահվում, հետագայում կվերադարձվի այստեղ»,- նշում է վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը։
Հովհաննես Սանամյան
Վերականգնմանը զուգահեռ արվելու է տարածքի բարեկարգում, ավտոկայանատեղի է կառուցվելու և այլն։
Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը շեշտում է՝ վերականգնման այս ծրագրերը ոչ միայն պետության հոգածությունն են ցույց տալիս, այլև տեղացիներին են ուրախացնում։ Վերականգնումը նաև զբոսաշրջային հոսքերի ավելացման կբերի։ Ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքները տեղացի մասնագետներն են իրականացնում, այսինքն՝ առաջիկա 2-3 տարիների համար նաև աշխատատեղեր են ստեղծվում։
Խաչիկ Հարությունյան
Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել