ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում Շարժա–Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։
«Ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8 մլն դրամը»,– ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292–րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն դրամը:
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե։