ՀՀ–ում սպանդանոցային մորթ անող և ԱԱՀ վճարողները կօգտվեն պետության 75% աջակցությունից

Սպանդանոց
Կառավարության աջակցության ծրագիրը 2024 թ. համար գնահատվում է 200 մլն դրամ, իսկ 2025–27 թթ. համար` տարեկան շուրջ 450 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթ անող և ԱԱՀ վճարող տնտեսվարողները կօգտվեն պետության 75% աջակցությունից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը, ասաց, որ այս ծրագիրն ուղղված է սպանդանոցային սպանդի խթանմանը, լոգիստիկ կենտրոնների կայացմանը, շրջանառության և ԱԱՀ վճարողների համար հավասար մրցակցայինն պայմանների ստեղծմանը և բնակչությանը անվտանգ մսեղիքի մատակարարման գործընթացի բարելավմանը։
Նախարարի խոսքով` այս բնագավառում շրջանառության հարկ և ԱԱՀ վճարողները գործում են անհավասար մրցակցային պայմաններում, իսկ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով շրջանառության հարկ վճարողները ԱԱՀ–ից խուսափելու համար չեն փաստաթղթավորում իրենց իրական շրջանառությունը։
«Առաջարկում ենք մինչև 2027 թ. դեկտեմբերի 30–ը ԱԱՀ վճարող խոշոր եղջերավոր անասունների մորթ իրականացնող սպանդանոցների տնտեսվարողներին տրամադրել ԱԱՀ դրական տարբերության 75 տոկոսի չափով աջակցություն»,– նշեց Պապոյանը։
Նրա խոսքով` հաջորդ տարի այս ծրագրի մեջ կներառվեն նաև մանր եղջերավոր կենդանիների մորթ իրականացնողները։
Անասնաբույժների պակասը շարունակվում է, մասնագետներին անգամ դրսից են հրավիրում
Կառավարության աջակցության ծրագիրը 2024 թ. համար գնահատվում է 200 մլն դրամ, իսկ արդեն 2025–27 թթ. համար` տարեկան շուրջ 450 մլն դրամ։
Այսօրվա նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փորձեց ավելի մատչելի ներկայացնել աջակցության ծրագիրը։
«Եթե պայմանական ասենք, որ սպանդանոցային մորթի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու մսի 1 կգ–ն արժեր 2000 դրամ, որի դեպքում ԱԱՀ–ն հաշվարկվել է 400 դրամ, ապա պետությունը տնտեսվարողին դրա 300 դրամը պետական բյուջեից կվերադարձնի նրան»,– բացատրեց փոխվարչապետը։
Այդպիսով, ըստ նրա, կհավասարեցվի հարկման բեռի տարբերությունը, որ կա շրջանառության հարկ և ԱԱՀ վճարողների միջև։
ՀՀ–ում հնարավոր կլինի QR կոդի միջոցով պարզել` մսամթերքը ներկրված է, թե տեղական
Հիշեցնենք, որ 2024թ–ի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա։