Վենեսուելայում անկարգություններ են տեղի ունեցել, կան տուժածներ ու ձերբակալվածներ

Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ Մադուրոյի թիմը, որն արդեն 11 տարի անցկացրել պետության ղեկավարի աթոռին , կեղծել է ընտրությունները: Վենեսուելան հետ է կանչում դիվանագետներին ընտրությունների արդյունքները չճանաչած երկրներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել նախագահական ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ, դրանցում հաղթանակ է տարել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմադիր թևը դժգոհ է ընտրությունների արդյունքներից և դրանք կեղծված է համարում։
Զանգվածային անկարգությունները հանգեցրել են ցուցարարների բախումների ոստիկանության և զինվորականների հետ։ Ոստիկաններն ու զինվորականները, որոնք փակել են նախագահական նստավայրի շրջակայքի փողոցները, սկսել են ցուցարարների վրա կրակել պլաստիկ փամփուշտներով և արցունքաբեր գազով նռնակներով:
Վենեսուելայում զանգվածային բողոքիակցիաների ընթացքում առնվազն յոթ ցուցարար է զոհվել, տասնյակ մարդիկ հրազենային վնասվածքներ են ստացել, գրում է Elmundo պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Reuters-ը հայտնում է 11 զոհի մասին: Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։
Երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը հայտնել է, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով տուժել է 23 զինվորական: 749 մարդու ձերբակալության մասին, որոնցից ոմանք մեղադրվում են ատելություն հրահրելու և նույնիսկ ահաբեկչության մեջ, հայտնել է երկրի գլխավոր դատախազը, գրում Է ՌԻԱ Նովոստին:
Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է ընտրություններին մի շարք երկրների միջամտության մասին: Մադուրոյի խոսքով՝ պետական հեղաշրջման փորձը, որն ապրում է երկիրը, նախապես ծրագրված էր, և անկարգությունները, որոնք համակել էին Վենեսուելան ընտրություններից հետո, ֆինանսավորվել են «կոլումբիական նարկոտրաֆիկի, Իլոն Մասկի և ԱՄՆ կառավարության հաշվին»:
«Մենք բռնել ենք հանցագործներին, նրանք մեղավոր են և խոստովանում են, բայց մենք կգանք բոլորի հետևից, և ինձ պետք է ժողովրդի օգնությունն ու աջակցությունը, որպեսզի հասնեմ դրան», - ասել Է Մադուրոն: Նանաև կոչ է արել կողմնակիցներին շաբաթ օրը ներկա գտնվել «բոլոր երթերի երթին»՝ երկրի մայրաքաղաք Կարակասում խաղաղության պաշտպանության մեծ ցույցի և համերգի:
Անկարգություններից հետոԿարակասի կենտրոնում իրավիճակը կարգավորվել է, սակայն մնացել են բախումների հետքեր՝ աղբ, քարեր, փակ խանութներ և ոստիկանության ուժեղացված պարեկություն:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին, հաջորդ օրը Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին հռչակել է 2025-2031 թվականների ընտրված նախագահ։ Նա, ընտրական խորհրդի տվյալներով, հավաքել է ձայների 51,2 տոկոսը: Ընդդիմության միասնական թեկնածու Էդմունդո Գոնսալեսն ունի 44,2 տոկոս: Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն չի կարողացել առաջադրվել իշխանությունների արգելքի պատճառով:
Վենեսուելա. արդյոք ընդդիմությանը կհաջողվի՞ «տեր կանգնել» իր հռչակած հաղթանակին
Ընտրությունների արդյունքները կասկածներ են առաջացրել ոչ միայն Վենեսուելայի ընդդիմության, այլև ամերիկյան մայրցամաքի այլ երկրների առաջնորդների շրջանում: Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան և Պերուն պահանջել են ապացույցներ ներկայացնել Մադուրոյի հաղթանակի մասին, իսկ Պանաման ժամանակավորապես դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Կարակասի հետ: Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում Վենեսուելայի ընտրությունների արդյունքները և Մադուրոյին մեղադրել է կեղծիքների մեջ: Ի պատասխան ՝ Վենեսուելան հետ է կանչել իր դիվանագետներին Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից և պահանջել նրանցից «անհապաղ դուրս բերել» իրենց դիվանագետներին: Պաշտոնապես հայտարարվել Է Պերուի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, քանի որ Լիման ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսին անվանել է «ընտրված նախագահ»: