Երևանում 1 օրում 3 վրաերթ է եղել․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է

3 վրաերթերի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Այսօրվա ընթացքում Երևանում 3 վրաերթ է տեղի ունեցել, 3 անձ, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վրաերթերից առաջինը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08․00-ի սահմաններում, Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա։ Երևանի բնակիչը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտնի։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Երևանում 3 մարդու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը տնային կալանքի տակ է
Մոտ 1 ժամ անց՝ ժամը 09․00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում է վրաերթ տեղի ունեցել։ Այս անգամ տուժողն անչափահաս է։ Պարզվել է, որ ինքնագլորով 16-ամյա պատանին վրաերթի է ենթարկվել ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով։ Տուժողը մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենան
Երրորդ վրաերթը տեղի է ունեցել ժամը 11․00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում։ Երևանի բնակիչը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը ևս վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
«Հոնդա» մակնիշի ավտոմեքենան
ՔԿ-ից հայտնում են, որ երեք դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Բուժկենտրոններից տեղեկացրել են, որ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։