Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին. տեսանյութ

ՑԱԽԱԼ–ն արդեն ստանձնել է հարվածի պատասխանատվությունը:
Sputnik
Իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին։
Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել, որոնցում երևում է, որ հարվածի հետևանքով շենքերից մեկը մասնակի փլուզվել է։
Իսրայելի պաշտպանության բանակն արդեն ստանձնել է հարվածի պատասխանատվությունը. թիրախը եղել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է Գոլանի բարձունքները հրթիռակոծելու համար։ Ըստ ԶԼՄ–ների` խոսքը Ֆուադ Շակուրի մասին է, որը հայտնի է նաև որպես Ալ Հաջ Մոհսեն։
Տեղեկություն կա, որ պայթյունը որոտացել է Բեյրութի օդանավակայանի մոտակայքում։
Զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռ չկան։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը X-ի իր էջում գրել է, որ «Հզբոլլահը» հատել է կարմիր գծերը։
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: