ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ օրը երեկոյան Առինջ գյուղի բնակիչներ Ա.Բ.–ն և Ս.Ա.–ն հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճել են, ինչից հետո վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա.Բ.–ի, այնուհետև նրա տան ուղղությամբ։ Չնայած դրան, կրակոցների ժամանակ վնասվածքներ է ստացել վերջինիս եղբայրը` Վ.Բ.–ն։
Վ.Բ.–ի հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել Ս․Ա․-ի ուղղությամբ։ Վերջինս նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։
Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, ոստիկանության ծառայողները ներկայացրել են քննչական բաժին, որտեղ որոշում է կայացվել երեքին էլ ձերբակալել։
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը` Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տուն, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:
Հայտնաբերվել է նաև թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգ։
Դեպքի առթիվ հուլիսի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը ծանր վնաս պատճառելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ինչպես նաև հրազենի և այլ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Նախաքննությունը շարունակվում է: