Սանկտ Պետերբուրգում այսօր տեղի է ունեցել ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթը, որին ընդունել է Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահ, ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ու ՌԾՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը ՌԴ Ռազմածովային նավատորմի օրվան նվիրված գլխավոր ռազմածովային շքերթին
© Sputnik / Павел Быркин
Շքերթը, ավանդույթի համաձայն, բաղկացած էր ծովային և ցամաքային մասերից։ Շքերթին մասնակցել են 20 վերջրյա նավ և մոտորանավակ, մեկ սուզանավ, չորս առագաստանավ։
Այս տարի տոնախմբության առթիվ Պետերբուրգ էին ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ։ Տոնական միջոցառումներին մասնակցում էին Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Ռազմածովային ուժերի «Ծյաոցզո» և «Հունհու» նավերը։ Հրավերը ընդունել է նաև Ալժիրի ռազմածովային ուժերի «Սումամ» ուսումնական նավը։
Տոնակատարություններին մասնակցելու համար Պետերբուրգ է ժամանել Չինաստանի Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հու Չժունմինը, ինչպես նաև Կուբայի պատվիրակությունը հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար Լուիս Ռեյես Լոպեսի գլխավորությամբ:
Շքերթն ավարտվել է զինծառայողների, ռազմածովային նավատորմի նախահամալսարանական հաստատությունների աշակերտների և Պատանեկան բանակի զինծառայողների հանդիսավոր երթով:
Բացի այդ, Ռազմածովային ուժերի շքերթներ են անցկացվել Հյուսիսային, Բալթյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերի գլխավոր բազաների ջրատարածքներում, Տարասեռ ուժերի Կասպյան նավատորմում և Միջերկրական ծովում Ռուսաստանի Ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման տեղակայման կետում:
Տոնական միջոցառումները կավարտվեն Նևա գետի երկնքում` Պետրոպավլովյան ամրոցի մոտ երեկոյան հրավառությամբ։