Լավ հանգստի համար պետք է հեռու գնալ․ սա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի «Շենլիկ» (տեղի բարբառով՝ շեն տուն, շեն օջախ) հյուրատան տիրուհի, 34-ամյա Գայանե Կլեկչյանի կարգախոսն է, որով պատասխանում է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ ձեզ մոտ սիրուն է, բայց դե հեռու է։ Լրագրող Գայանեն Երևանում երկար ժամանակ ապրելուց հետո որոշում կայացրեց գյուղ վերադառնալ։ Ոսկանի հանդեպ սերը նրան հետ բերեց։
«Ոսկանը չլիներ, հետ չէի գայի, մենք 5-6-րդ դասարանից սիրում էինք իրար։ Ինքն էլ Երևան գալ չէր ուզում։ Դե, հաղթեց ինքը․․․ չէ, հաղթեց սերը»,- ծիծաղելով ասում է Գայանեն։
Ոսկան Ղևոնդյանն ու Գայանե Կլեկչյանը
© Sputnik / Aram Nersesyan
Խոստովանում է՝ գյուղ վերադառնալուց հետո էլ միշտ մտածել է՝ շուտով կգնան, գյուղում չեն մնա։ 44-օրյա պատերազմից հետո մի օր ամուսինը տուն եկավ ու հայտարարեց՝ «Գայուշ, հյուրատուն ենք բացում»։ Գայանեն ամեն կերպ ընդդիմացավ, ասաց. «Մարդիկ թողնում, գնում են, դու մեր ոտներն ավելի ես կապում»։ Բայց ինչպես Երևան չտեղափոխվելու հարցում Ոսկանը չհանձնվեց, այնպես էլ հյուրատուն բացելու մտքից չհրաժարվեց։ Պատերազմից հետո ծնվեցին Գայանեի և Ոսկանի երրորդ զավակն ու «Շենլիկը»։
Չինչին գյուղի «Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտում գաթա են պատրաստում
© Sputnik / Aram Nersesyan
Բերդի տարածաշրջանում տուրիզմը վերջին տարիներին է սկսել զարգանալ, այն Հայաստանի ամենաչբացահայտված հատվածներից է։ Սա, իհարկե, իր դրական կողմն ունի՝ այս տարածաշրջանում բնությունը գրեթե կուսական է մնացել։ Այստեղ ավելի հաճախ գալիս են քայլարշավների սիրահարները՝ անտառներում, ձորերում, սարերին ծվարած բերդեր, եկեղեցիներ, թաքնված գեղեցկություններ տեսնելու։ Եթե մի քանի տարի առաջ ամբողջ տարածաշրջանում մեկ-երկու հյուրանոց ընդամենը կգտնվեր, ապա հիմա գյուղերում ևս հյուրատներ են կառուցվել․ պահանջարկ կա։ Հյուրատնային բիզնեսների զարգացումը տվյալ գյուղին ու գյուղացիներին մեծ օգուտներ է բերում, նոր հնարավորություն է ստեղծվում նրանց ապրանքը իրացնելու համար։
«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին
© Sputnik / Aram Nersesyan
«Մարդիկ հաճախ մտածում են՝ դե հեռավոր գյուղերում ինչ կարող ես անել որ․․․ Իրականում, ամեն ինչ էլ կարող ես, միայն պետք է լավ միտք, գաղափար ու աշխատասիրություն»,- ասում է Գայանեն, որը մանկապարտեզի տնօրենի գործը կարողանում է համատեղել հյուրատան, երեք երեխաների և «Չինչին» թատերախմբի հետ։
«Անգամ մանկությանս երազանքը գյուղում իրականացրի․ միշտ ցանկացել եմ դերասանուհի դառնալ, բայց դե մտածում էի՝ գյուղ եկա, էլ ինչ կարիերա։ Մեր փոքրիկ թատերախումբն ենք հիմա ստեղծել, լավ է, վատ է՝ չգիտեմ, բայց մենք երջանիկ ենք»,- ասում է նա։ Շեշտում է՝ այստեղ՝ գյուղում զգում է, որ արժեք ունի ու կարևոր գործ է անում։
Եվ վերջում, հանուն ինչի՞ արժե հանգիստն անցկացնել Բերդի տարածաշրջանում
1․ Կախարդական բնություն․ Բերդի տարածաշրջանը հարուստ է սաղարթախիտ անտառներով, սա հրաշալի վայր է քայլարշավի սիրահարների համար։
2․ Մաքուր օդ․ ասում են՝ շնորհիվ շամշադինյան օդի այստեղ անգամ անքնությամբ տառապողներն են լավ քնում։
3․ Համեղ սնունդ․ հավատացնում եմ՝ Բերդում խորոված ուտելուց հետո էլ երբեք այդ մսի անմահական համը չեք մոռանա։ Միրգն էլ այստեղ առանձնահատուկ քաղցր է՝ շնորհիվ արևի։
4․ Պատմական և բնության հուշարձաններ․ այստեղ մի շարք հետաքրքիր վանքեր, բերդեր կան, հայտնի, գեղատեսիլ վայրեր։
5․ Մարդիկ․ Բերդի տարածաշրջանում մարդիկ առանձնահատուկ հյուրընկալ ու սրտաբաց են։ Հաճախ կատակում են՝ անգամ եթե 5 րոպեով պարզապես ճանապարհին մի տեղ ցանկանաք կանգնել, շունչ քաշել, այնքան այս ու այն կողմից կգան, հարցուփորձ կանեն՝ ինչով օգնել, ինչ անել, որ ձեր մտադրությունից «քոռ ու փոշման կմնաք»։