ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը կազմակերպելու և դրանք ցնցող դարձնելու ջանքերի համար»,- հավելել է Միրզոյանը:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Երեկվանից սոցցանցերում քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը բավականին սկանդալային շոուով է ուղեկցվել` «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթ, Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավոր և այլն։ Օգտատերերի աչքից չի վրիպել նաև այն, որ Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր շրջված է կախվել։
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։