«Հպվել տեսա՞ք»․ Լևոն Քոչարյանի պաշտպանը մեկնաբանեց մեղադրանք հանդիսացող տեսանյութը

Իրավապահները բերման ենթարկում Լևոն Քոչարյանին
Պաշտպանի խոսքով՝ մեղադրական կողմի ներկայացրած տեսանյութի հիման վրա մեղադրանքը պարզապես հերքվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ոստիկանները շարժվել են կոնկրետ ուղղությամբ և տարբերակված ձևով են մարդկանց բերման ենթարկել, ընդ որում` գործողություններ իրականացնելուց առաջ բարձրախոսով որևէ նախազգուշացում, պահանջ չի հնչել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով մեղադրանքի հիմք հանդիսացող տեսանյութը։
Ըստ մեղադրանքի` Լևոն Քոչարյանը հպվել է ոստիկանին, Քոչարյանն ու Ասատուրովը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող բերման ենթարկելու գործընթացը։
«Դուք այդտեղ ոստիկանին հպվել տեսա՞ք։ Լևոն Քոչարյանը և մյուսները պարզապես մոտենում են ոստիկաններին և դեմ–դիմաց կանգնում։ Մեկ վայրկյան հետո Լևոն Քոչարյանին բռնությամբ սկսում են բերման ենթարկել։ Հետո, ըստ մեղադրանքի, Լևոն Քոչարյանը խոչընդոտում է բերման ենթարկելը, երբ նրա ձեռքերն ազատ չեն, և նայեք տեսանյութը` ո՞նց է խոչընդոտում, որ այնտեղ ոչ մեկին բերման չեն ենթարկում»,– ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա ընդգծեց` եթե մեղադրանքը կազմված է այս տեսագրության հիման վրա, որտեղ պարզապես հերքվում է մեղադրանքը, ապա ինքն ավելացնելու ոչինչ չունի։
Գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ Սերգեյ Ասատուրովը մխրճվում է ոստիկանների մեջ։ Պաշտպանական կողմը ներկայացնող Արամ Վարդևանյանն առաջարկեց կրկին դիտել ներկայացված տեսանյութը և համոզվել, որ որևէ մխրճում չի եղել։
«Պատվարժա՛ն դատարան, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, որոնց շարքերի մեջ ոչ մեկը մխրճված չէ։ «Մխրճում» բառի լեզվական իմաստով Ասատուրով Սերգեյը պիտի լինի վերջին շարքում, և ոստիկաններն էլ պետք է լինեն, օրինակ, գետնին ընկած։ Եթե օբյեկտիվ իրականությունը նայենք, ոչ մի մխրճում չի եղել»,– հայտարարեց նա։
Դատախազ Արթուր Դանիելյանը շարունակեց պնդել, որ մեղադրյալները ինչ-որ պահի շրջվել են և սկսել են ընթանալ քայլերթին հակառակ ուղղությամբ՝ ոստիկանների օրինական գործողությանը միջամտելու նպատակով։
«Մեղադրյալները շրջվում են, ընդառաջ գալիս ոստիկանական ծառայողներին, որոնք լրիվ ուրիշ անձանց նկատմամբ իրականացնում են ծառայողական գործողություններ»,- նշեց դատախազը՝ պնդելով, որ հենց այդ ընթացքում էլ նրանք մխրճվում են ոստիկանների մեջ։
Արամ Վարդևանյանը դրան ի պատասխան ուշադրություն հրավիրեց տեսանյութում լսվող կնոջ ձայնին՝ կինը շատ բարձր բղավում է։ Ըստ Վարդևանյանի՝ կադրերում երևում է այն դրվագը, երբ կնոջ ձայնը լսելով՝ որպես հայ մարդ Քոչարյանն ու Ասատուրովը շրջվում են՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Մխրճման մասին խոսք չկա։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Սակայն մարտի 12-ին Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։