ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Երևանի հիվանդանոցներից մեկում մահացած անօթևան Լևոն Երջանյանը 9 օր առաջ ինքնակամ դուրս էր եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անօթևանների կացարանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
Այսօր ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ անօթևան քաղաքացին մահացել է նախարարության անգործության պատճառով։
Մանուչարյանի խոսքով` Երջանյանը նախարարության կողմից տրամադրվող անօթևանների կացարանի ծառայություններից օգտվել է 2021 թվականից։ Այդ տարիների ընթացքում նա պարբերաբար ինքնակամ դուրս է եկել հաստատությունից և որոշ ժամանակ անց վերադարձել, ինչը, ըստ ընթացակարգի, թույլատրելի է։
«Երջանյանը անօթևանների կացարանից վերջին անգամ ինքնակամ դուրս է եկել հուլիսի 15-ին․ արդեն հուլիսի 23-ին Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնը ոստիկանությունից ահազանգ է ստացել, որ Հալաբյան 67 հասցեից շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել անօթևան քաղաքացի՝ ոտնաթաթերի բաց, բորբոքված վերքերով: Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողներն անհապաղ այցելել են հիվանդանոց, քաղաքացին նույնականացվել է»,–ասաց Մանուչարյանը։
Նրա խոսքով` տեղում եղել են բժիշկները, ՄՍԾ սոցիալական աշխատողները, ոստիկանության ներկայացուցիչը։ Քաղաքացին ի վիճակի չի եղել ինքնուրույն շարժվել, բուժօգնության կարիք է ունեցել։ ՄՍԾ տարածքային կենտրոնի աշխատակիցները տեղեկացրել են, որ համապատասխան բուժումը ստանալուց հետո պատրաստ են քաղաքացուն կրկին տեղափոխել անօթևանների կացարան, սակայն քաղաքացին այսօր մահացել է։
Մանուչարյանը հավելեց, որ նախարարությունը տարբեր խոցելի խմբերի համար (կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ, միայնակ, խնամքի կարիք ունեցող տարեցներ, անօթևան անձինք և այլ խմբեր) մատուցում է ըստ կարիքի ամենատարբեր ծառայությունները (այդ թվում՝ ցերեկային խնամք, տնային պայմաններում խնամք, կացարան և այլն)։
Նշված ծառայությունները մատուցվում են հասարակական կազմակերպությունների միջոցով՝ պետության ֆինանսավորմամբ։ Անօթևաններին ժամանակավոր կացարանի, սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և այլ ծառայություններ տրամադրելու համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթել և ծառայությունները մատուցում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը: 2024 թվականին այս ծառայությունների մատուցման համար պետությունը նախատեսել է 71 մլն դրամ։ Այս պահին անօթևաններին ժամանակավոր կացարանում շահառուների թիվը 100 է։