Բագրատաշենի անցակետում 61 կգ չհայտարարագրված դեղորայք է հայտնաբերվել ավտոքարշակի մեջ․ ՊԵԿ

Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ը կանխել է մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք։
Sputnik
«Բագրատաշեն» մաքսային անցման կետում 61 կգ չհայտարարագրված դեղորայք է հայտնաբերվել։ Տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ «GAZ» մակնիշի ավտոքարշակի կշռման ժամանակ ՀՀ քաղաքացին մաքսային ծառայողին հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան։ Սակայն մաքսային ծառայողի մոտ կասկածներ են առաջացել, ավտոմեքենան ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կասկածելի պատկեր է նկատվել:
Ավտոքարշակն ուղարկվել է խոր զննման անգար և ենթարկվել մաքսային զննման։ Արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ «Բագրատաշեն» մաքսակետում ՊԵԿ մաքսային ծառայողները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխել են մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք։
Բագրատաշենի անցակետում 7633 կգ չհայտարարագրված հագուստ է հայտնաբերվել