Առնվազն մինչև փետրվար Երևանում ծառահատումներ չեն կատարվի. դատարանը կասեցրել է գործընթացը

Ծառահատում Երևանում
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հուսով է, որ դատաիրավական գործընթացի արդյունքում հաջորդ տարի գարնանը նախատեսվող ծառահատումները ևս չեն իրականացվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այս տարվա աշնանը նախատեսված ծառահատումները մայրաքաղաքում չեն իրականացվի: Sputnik Արմենիային այս մասին ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրենի նախկին տեղակալ Քրիստինա Վարդանյանը:
Երևանում անցած տարվանից սկսվել է հնացած և ոչ կենսունակ համարված ծառերը նոր տեսակներով փոխարինելու ծրագիրը: Խմբակցությունը դատարան է դիմել ծառահատումներն առանց օրենքով պահանջվող ՇՄԱԳ փորձաքննության եզրակացության իրականացնելու փաստով: Դատարանը մինչև որոշման կայացումը դադարեցրել է մայրաքաղաքում քաղաքապետարանի կողմից իրականացվող «Կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագրով նախատեսված բոլոր ծառահատումները: Դատական առաջին նիստը նշանակվել է 2025թ-ի փետրվարի 4-ին:
«Մենք դատարան դիմեցինք անմիջապես այն բանից հետո, երբ հատումները սկսվեցին: Երկու հայցը ընդունվել են, երկուսի վրա դեռ աշխատում ենք, որպեսզի նորից դիմենք: Հիմնական պահանջն այն է, որ քաղաքը ամբողջությամբ թողնվում է առանց կառավարվող ռիսկերի, որովհետև ծառերը հարավային քաղաքներում ռիսկերի հիմնական կառավարիչներն են (ստվերային ծածկ, արտանետումներ, աղմուկ)»,- նշեց Վարդանյանը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մարտ ամսից սկսել է մայրաքաղաքի մի շարք փողոցներում թեղիների հատումները։ Ըստ քաղաքային իշխանությունների` հատված ոչ կենսունակ թեղիները փոխարինվել են լենքորանյան ալբիցիա, օճառածառ և սակուրա տեսակներով։ Ծառահատումները հարթ չէին ընթանում, Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, նախկին պաշտոնյաներ ու մասնագետներ բողոքում էին, որ ծառերի հատումն ու դրանց փոխարեն նոր տեսակների տնկումը չի տալու ցանկալի արդյունքը և առնվազն տասնյակ տարիներ արևի ճառագայթներից պատսպարվելու հնարավորություն չի լինելու։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը դժգոհ քաղաքացիներին խորհուրդ էր տվել հովանոցներով քայլել։
Երևանի իշխանությունները տապալել են քաղաքի կանաչապատման գործընթացը․ «Ժողովուրդ»
«Ամբողջ աշխարհը հիմա խոսում է ջերմային կղզիների մասին, որ քաղաքները տաքանում են` ջերմային կղզիների վերածվելով: Իսկ մենք Երևանում նորմայից 5 անգամ պակաս կանաչ ֆոնդ ունենք: Մենք ո՞նց ենք հատում տարեց ծառերը, որոնք արդեն հարմարվել են միջավայրին, երբ սարսափելի մեծ ջրի խնդիր ունենք, որովհետև քաղաքն անապատացման է գնում»,- Sputnik Արմենիային ասաց ավագանու անդամը:
Վարդանյանը կարծում է, որ թեև Երևանի կենտրոնում գարնանը կատարված ծառահատումներն արդեն իսկ քաղաքին մեծ վնաս են հասցրել, բայց դատական հայցն ու ծրագրի դադարեցումը կանխել են իրավիճակի կրկնությունը մնացած փողոցներում:
«14 փողոց էր նախատեսված, հասցրին հատել ընդամենը 4-ը»,- արձանագրում է մեր զրուցակիցը:
Մասնագետը հուսով է, որ սկսված դատաիրավական գործընթացի արդյունքում հաջորդ տարի գարնանը նախատեսվող ծառահատումները ևս չեն իրականացվի: Իսկ դատարանի վճռի արդյունքում հնարավոր կլինի քաղաքային իշխանության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրը լուծել մասնագիտական դաշտում` ծառերի փոխարինումն իրականացնելով աշխարհում ընդունված գրագետ մեթոդաբանության շրջանակում և ոչ այնպես, ինչպես արվեց գարնանը Երևանի Թումանյան, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան և Մոսկովյան փողոցներում, նաև Շենգավիթ ու Զեյթուն վարչական շրջանների որոշ փողոցներում: