Նոր մանրամասներ Սևան– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից

Այս դեպքով ձերբակալվածներից Լյովա Բ․–ն քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սևան– Երևան ավտոճանապարհին հուլիսի 17–ին տեղի ունեցած սպանության դեպքով նոր մանրամասներն են հայտնի դարձել։ Այ մասին գրում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։
Կայքը գրում է, որ Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը պարզվել է։
Նշվում է, որ ժամը 19։50–ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի` իրենց պատվիրած հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։
Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։
«Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա, փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, որը փորձել է Է․ Աֆյանի ձեռքից վերցնել ատրճանակը։ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք։ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել նաև Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինիս որովայնին»,– մանրամասներ է ներկայացրել կայքը։
Նշվում է, որ Լյովա Բ․-ն, որը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է, և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Վարդավառին կրակոցներ և ծեծկռտուք է եղել Թաիրով գյուղում
Ձերբակալման պահին «քոթեջի» սեղանի վրա հայտնաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը` «Մակարով» տեսակի։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։