ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանն Ուկրաինային չի փոխանցի իր F-16 կործանիչները: Տեղեկությունը հայտնում է PAP գործակալությունը՝ հղում անելով Ազգային պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Լեհաստանի կառավարությունից ստացել է դրական որոշում, որով Կիևը կարող է ավելի արագ ստանալ F-16 կործանիչները:
«Խոսքը լեհական F-16 կործանիչների փոխանցման մասին չէ։ Նրանք մնում են և պահպանում են լեհական երկինքը», - ասվում է PAP-ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան այս ամառ կստանա առաջին F-16 կործանիչները: Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Բելգիան նախատեսում են Ուկրաինային մատակարարել ավելի քան 60 նման օդանավ:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում զինվորական կադրերի պատրաստմամբ: