30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով

ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդի մեկնարկին Փաշինյանը գտնվում էր Գերմանիայում. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինիցի հրավերով գնացել էր ֆուտբոլ դիտելու։ Միևնույն ժամանակ արձակուրդ են գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը), ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (հուլիսի 22-ից 26–ը):
«Առնվազն պետք է անդարդ լինես, պետք է քո պետության ապագայի, անվտանգության վրա թքած ունենաս, որ ԱԳ նախարարը, վարչապետն ու ԱԺ խոսնակը միաժամանակ գտնվեն արձակուրդում»,–նշեց Շարմազանովը։
ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է. երբ երկրում տարածքներ են պակասում, իսկ գործող ղեկավարի համար կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
«Ոնց որ ընտանիքում 10 երեխայից երեքին թաղես ու գնաս զվարճանքների. 2-3 ամիս առաջ ՀՀ տարածքը ավելի մեծ էր, քան հիմա։ Տավուշում փշալարերով մեր տարածքները պակասեցրել են։ Մեկ տարի առաջ մեր գյուղացին այնտեղ էր, հիմա տվել, երջանիկ արձակուրդ են գնում»,–ասաց նա։
Փաշինյանը Նոյը չէ, ոչ մեկին չի փրկելու․ Մամիջանյանը՝ Դանիբեկյանի դեպքի մասին
Նման ժամկետներով արձակուրդ մեկնելը քաղաքական գործիչն աննախադեպ է որակում, հատկապես, երբ երկրի առջև կարևոր անվտանգային խնդիրներ են ծառացած, ՀՀ տարածքից է օկուպացված, իսկ հակառակորդ երկրի ղեկավարը շարունակում է պահանջներ ներկայացնել։
«Ալիևն ամեն օր ասում է` Սահմանադրություն փոխեք, իսկ այս մարդը (Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) գնացել, ֆուտբոլ է նայում կամ հեծանիվ է քշում։ Սա անդարդության, անլրջության, անադեկվատության մասին է խոսում»,–հավելեց նա։
Նշենք, որ այս ընթացքում 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արդեն արձակուրդից վերադարձել է շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Հակոբ Սիմիդյանը։