Վրաստանի նախագահը դիմել է ՍԴ` «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չեղարկելու պահանջով

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջացրել է արևմտյան երկրների դժգոհությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնել ենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ կհաղթահարի այն, քանի որ դա երկրում լարվածությունը թուլացնելու միակ հնարավորությունն է:
«Վրաստանի նախագահն առաջին անգամ դիմում է Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի, այսպես կոչված «ռուսական օրենքի» վերաբերյալ հայցով։ Նախագահը պահանջում է այդ օրենքի կասեցում և դրա վերջնական չեղարկում», - հայտարարել է Մսխիլաձեն։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին օրենքը ստորագրել է հունիսի 3-ին ՝ պարզաբանելով, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը 60 օրվա ընթացքում կմշակի անհրաժեշտ նորմատիվ ակտեր և կազմակերպությունների համար էլեկտրոնային հարթակ կստեղծի:
Դրանից հետո արտասահմանյան զգալի ֆինանսավորում ունեցող կազմակերպությունները պարտավոր կլինեն գրանցվել հարթակում և հայտարարագրել 2023 թվականի ֆինանսական գործունեությունը:
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է. ԵՄ դեսպան
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը առաջացրել է արևմտյան երկրների դժգոհությունը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին։ ԱՄՆ - ն արդեն չեղարկել է նախատեսված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։