Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների մարզադաշտերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը. Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանում ու 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն։
Իսպանիայի հավաքականից գոլերը խփեցին Նիկո Ուիլյամսը (47-րդ րոպե), Միկել Օյարսաբալը (87), Անգլիայից՝ Քոուլ Փալմերը (73)։
Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը
Հիշեցնենք, որ «Եվրո 2024»-ն անցկացվում էր հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մասնակցելու ուղեգիր էին նվաճել 24 ազգային հավաքականներ։
«Եվրո 2024»-ի անցկացման վայրի մասին հայտարարվել էր 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հյուրընկալելու համար պայքարում էին երկու երկրներ՝ Գերմանիան և Թուրքիան։ Հյուրընկալող երկիրը որոշվել է ՈՒԵֆԱ-ի գործադիր կոմիտեի անդամների ձայներով։ 20 անդամներից քվեարկությանը մասնակցել է 17-ը, որոնցից 12-ը քվեարկել է հօգուտ Գերմանիայի, 4-ը՝ Թուրքիայի, անդամներից մեկը ձեռնպահ է մնացել։
Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների (Բեռլին, Համբուրգ, Լայպցիգ, Շտուտգարտ, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Քյոլն, Հելզենկիրխեն, Մայնի Ֆրանկֆուրտ) մարզադաշտերում։
Նշենք, որ Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղն անցկացվում էր Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում (ավելի քան 74 հազար հանդիսատես)։
Ֆուտբելիստներ (Անգլիա) Ջոն Սթոունզը և Նիկո Ուիլյամսը (Իսպանիա)
Ի դեպ, խաղին հենց մարզադաշտում հետևում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ այդ նպատակով հուլիսի 14-ի վաղ առավոտյան Գերմանիայի մայրաքաղաք էր մեկնել։
1960 թ- ի վեր՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում սա Իսպանիայի և Անգլիայի հավաքականների երրորդ հանդիպումն էր։ Իսպանիայի հավաքականը մինչ այս արդեն 3 անգամ ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն՝ 1964թ․ (Իսպանիա-Խորհրդային Միություն՝ 2։1), 2008 թ․ (Իսպանիա-Գերմանիա՝ 1։0 հաշվով), 2012թ․ (Իսպանիա-Իտալիա՝ 4։0 հաշվով)։ Իսպանիայի հավաքականը միակն է, որին հաջողվել է 2 անգամ անընդմեջ չեմպիոնի տիտղոս նվաճել։
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը
Անգլիայի հավաքականը ոչ մի անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս չի նվաճել։ Այսօր Անգլիան եզրափակիչ էր դուրս եկել երկրորդ անգամ անընդմեջ. 2020թ․ Անգլիան պարտվեց Իտալիային (1։1, 2։3՝ 11-մետրանոց հարվածաշարերով)։