Հնարավոր է` Թրամփի դեմ գործերից 2-ը կարճվեն․ ԱՄՆ նախկին ղեկավարը հարցազրույց է տվել

Դոնալդ Թրամփ
Քաղաքական գործչին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը արդարադատության նախարարությանը կարգադրել է կարճել իր նկատմամբ հարուցված երկու գործերը:
Քաղաքական գործչին առաջադրվել է 91 մեղադրանք չորս քրեական գործի շրջանակում, որոնք Թրամփը քաղաքական հետապնդում է անվանում։
«Նա նաև հայտարարեց, որ իր տեղեկություններով` Բայդենը կհրամայի արդարադատության նախարարությանը դադարեցնել Թրամփի դեմ երկու վարույթները», – գրում է «New York Post»–ը, որը հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահից:
Պարբերականը միաժամանակ նշում է, որ առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ նման միջոցառում նախապատրաստվում է։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է նաև, որ բժիշկները հրաշք են անվանել այն, որ ինքը ողջ է մնացել մահափորձից հետո:
«Հիվանդանոցի բժիշկն ասաց, որ երբեք նման բան չի տեսել... Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի», – ասել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը ։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող էր ավելի ողբերգական ավարտ ունենալ, եթե ինքը գլուխը մի փոքր աջ չշրջեր անօրինական միգրանտների վերաբերյալ տվյալները կարդալու համար:
ԱՄՆ նախկին նախագահը գովել է գաղտնի ծառայությանը, որի աշխատակիցը մեկ կրակոցով ոչնչացրել է հարձակվողին:
«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»,– ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Կրակոցների հետևանքով մահացել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Պարզվել է, որ կրակողը 20 տարեկան Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։