ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում չեն կարծում, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպել է ԱՄՆ գործող վարչակազմը, սակայն այն նրա շուրջ համապատասխան մթնոլորտ է ստեղծել:
«Մենք ամենևին չենք կարծում և չենք համարում, որ նախագահի թեկնածու Թրամփին հեռացնելու փորձը կազմակերպել է գործող իշխանությունը, բայց այն մթնոլորտը, որ այդ վարչակազմը ստեղծել է քաղաքական պայքարի ընթացքում, թեկնածու Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտը հրահրել է այն, ինչին այսօր բախվեց Ամերիկան»,-ասել է նա լրագրողներին:
Պեսկովը հավելել է, որ Թրամփին վերացնելու և վարկաբեկելու բազմաթիվ փորձերից հետո ակնհայտ էր, որ նրա կյանքը վտանգված է: Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու որևէ ցանկություն չունի, և դա նրանց ներքին գործն է:
Պատասխանելով համապատասխան հարցին՝ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի պլաններ չունի։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։