Ի՞նչ սպասել Վրաստանի պաշտպանության նախարարի երևանյան այցից

Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները
Հայաստանն ու Վրաստանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական փոխգործակցության ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առաջին պաշտոնական այցը ճանաչողական բնույթ ուներ և ուղղված էր երկրների միջև պաշտպանական համագործակցության ոլորտում շփումների ակտիվացմանը: Դա չի նշանակում, որ մոտ ապագայում կողմերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, կամ այդ ուղղությամբ փոխգործակցության կտրուկ փոփոխություններ կլինեն, բայց տեղաշարժերը միանգամայն իրատեսական են։
Իրակլի Չիկովանին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հուլիսի 12–ին։ Այցի շրջանակում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2024 թվականի համագործակցության պլանը։ Ու թեև մանրամասները, ավանդույթի համաձայն, չեն հրապարակվում, սակայն ուշագրավ է վրացի նախարարի հայտարարությունը: Չիկովանին կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեի խոսքով՝ այցը նշանակալի է և ժամանակին: Այն առաջին հերթին ուղղված է երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
«Այն է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները նաև ազդում են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կառուցման վրա և հակառակը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մամրաձեն։
Այս առնչությամբ Մամրաձեն հիշեցրեց, որ Վրաստանը կարողացել է լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սակայն այս հանգամանքը և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները չեն խանգարել Երևանին և Թբիլիսիին հաստատելու երկխոսություն՝ ի նպաստ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության։
Մամրաձեն ընդգծեց, որ երկկողմ հարաբերությունները մշտական ուշադրություն են պահանջում, իսկ դրանց ընդլայնումը միայն օգուտ է բերում ժողովուրդներին:
Պաշտպանական ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև ձևավորվում է փոխշահավետ համագործակցության ձևաչափ տարբեր ուղղություններով՝ անհամաչափ սպառնալիքների, ռազմական համագործակցության հարցերում։
Երկրները նաև ունեն ռազմական բժշկության և կրթության ոլորտում շփումներ զարգացնելու ներուժ։ Ի դեպ, Վրաստանը կարող է Հայաստանին փոխանցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության փորձը՝ ենթակառուցվածքների (գազատարներ, նավթամուղներ և երկաթուղիներ) անվտանգության ապահովման վարժանքներ կազմակերպելու հարցում։ Չպետք է բացառել նաև հայ-վրացական համատեղ զորավարժությունները։
Երևանն էլ, ամենայն հավանականությամբ, Թբիլիսիին կկարողանա հասկացնել, որ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար Թբիլիսի-Բաքու-Անկարա ձևաչափով պաշտպանական համագործակցությունը բավարար չէ․ պետք է նաև զարգացնել Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական երկխոսությունը։
Փորձագետը չի բացառում, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հիմնական թեման եղել են հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունները, քանի որ ԱՄՆ-ն սառեցրել է Վրաստանի հետ նմանատիպ զորավարժությունների անցկացումը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները 2024 թվականի հունվարից պաշտոնապես գտնվում են ռազմավարական մակարդակում։ Ավանդույթի համաձայն` երկու երկրների պաշտպանության նախարարները տարվա առաջին կեսին պաշտոնական այցեր են կատարում հարևան և բարեկամ երկրներ: Նախարարները ստորագրում են համագործակցության պլանը, նախանշում ընթացիկ տարվա անելիքները։
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնական այցով Հայաստան էր եկել 2023 թվականին: