Փաշինյանը հանդիպել է վարդենուտցիների հետ. նրան դիմավորել են պաստառներով

Բնակիչները պահանջում են ավելացնել իրենց հողատարածքների փոխհատուցման չափը։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչների հետ, որոնք արդեն մի քանի անգամ փակել են Երևան-Ապարան ճանապարհը։ Նա վարդենուտցիների հետ հանդիպման մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում և տեսագրություն հրապարակել։
Հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար։
Գյուղացիները Փաշինյանին դիմավորել են պաստառներով և կրկնել իրենց պահանջը։ Նրանք ասել են, որ 1քմ-ի համար 2000 դրամ են պահանջում: Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ պատասխանել է, որ մինչև նախագծի մեկնարկը նման գին գոյություն չի ունեցել: Ընդ որում` ընկերությունը պատրաստ է փոքր-ինչ ավելացնել փոխհատուցման արժեքը։
«Պետք է ճիշտ բալանս լինի, որպեսզի ներդրողը չասի` լավ, չեք ուզում, ես գնացի։ Երբ այդ ներդրումը տեղի ունենա, ձեր տնտեսական հնարավորությունները կրկնապատկվելու են ու անգամ եռապատկվելու»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարճատև քննարկումներից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ կհավաքի առկա բոլոր տվյալները և կտեսնի, թե ինչ լուծում կարելի է գտնել:
Նշենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։
Ավելի վաղ գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Վարդենուտի վարչական ղեկավար Կամո Սահակյանն էլ ունի հող գերակա շահ ճանաչված տարածքում ու արդեն շուրջ 300 դրամով վաճառել է «Ռիդ» ընկերությանը։
Հավելենք, որ գերակա շահ ճանաչված հատվածում 65 տուն կա։ «Ռիդ» ընկերությունը դատի է տվել բնակիչներին, այժմ դատարանում 253 գործ ա, որովհետև շատերը մի քանի հողատարածք ունեն։