ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է շարունակի բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։ Այս մասին ասված է դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում։
«Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները` դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրի միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում ասվում է նաև, որ իրենց գնահատմամբ` գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Հայտարարությունում նշվում է, որ մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում` առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։
Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրել է ժամանակի սղությունը` Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։