ԵՐԵՎԱՆ,10 հուլիսի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ»,– ասել է նա։
Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է խաղաղության շուրջ վերջնական համաձայնության հասնելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։