2024-ի հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի

Զբոսաշրջիկ
Առաջին հինգ ամիսների տվյալներով՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ` 18 441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199 159 մարդ։
2024 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%), որոնց հաջորդում են Հնդկաստանը (3%) և ԱՄՆ-ն (2%)։
Ավելի վաղ գրել էինք, որ 2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիսի ցուցանիշից։
Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զբոսաշրջային հոսքերի նվազման մի քանի պատճառ էր ներկայացրել։ Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։ Ըստ նրա՝ զբոսաշրջության վրա ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Զբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։