ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2–րդ թաղամասում 5 շենքերի սպասարկելու համար նոր կոյուղագիծ է անցկացվում` հաշվի առնելով բնակիչների բողոքները կոյուղագծի պարբերաբար դարձած վթարներից։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Նրա խոսքով` գործող կոյուղագիծը միայն այս տարի 2-3 անգամ նորոգել են, բայց ոչ մի արդյունքի չեն հասել։
«Պլաստմասսե նոր խողովակ ենք տեղադրում 300 մմ տրամաչափով։ Փաստացի այս պահին մոտավորապես 250 բնակարանի խնդիր ենք լուծում»,–ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք կոյուղագիծը սկսել է վերանորոգման կարիք զգալ, քանի որ դրան են միացվել տարածքի նոր շենքերի կոյուղագծերը, Հովասափյանն ընդգծեց, որ այս կոյուղագծին նոր շենքերի կոյուղագծեր չեն միացվել։
«Առաջացած խնդիրները նոր շենքերի կառուցումից չեն սկսվել։ Ուղղակի խողովակները տարիներով չեն փոխվել»,–ասաց նա։
Հովասափյանն աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ դժվարացավ նշել, բայց ընդգծեց, որ կփորձեն հնարավորինս արագ ավարտել գործը։
Նշենք, որ վթարված կոյուղագծերի փոփոխման աշխատանքներ են տարվում նաև Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում և Ֆուչիկի 3,5, 7 շենքերի տարածքում։ Կոյուղագծերի փոփոխման ծրագիր է նախատեսված նաև Լուկաշին թաղամասում , իսկ Աջափնյակի թաղապետարանի միջոցներով` Անաստասավան թաղամասում։ Խողովակաշարերը փոխելուց հետո կոյուղագծերի սպասարկումը հանձնվելու է «Վեոլիա Ջուր» ընկերությանը։