ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանից մեկը ԲԿ է ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7–հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,– նշեց Ծատրյանը։
Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
shamshyan.com-ն էլ հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածները 34-ամյա Գրիգոր Խ.–ն է, 31-ամյա Անի Խ.–ն, նորածին Անի Խ.–ն, 6-ամյա Ռամելլա Խ.–ն, 11-ամյա Էլեն Խ.–ն, 9-ամյա Մարիաննա Խ.–ն, ինչպես նաև 4-ամյա Լուիզա Խ.–ն։
Կայքը հայտնում է, որ թունավորված ընտանիքի անդամներն ընթրիքի ժամանակ երշիկեղեն և մսեղեն են կերել, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկանները տանը հայտնաբերել են սննդի մնացորդները և ուղարկել փորձաքննության։