ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր ընթանում է նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։
Վաղ առավոտից Երևանում Իրանի դեսպանատանը նույնպես ընտրատեղամաս է բացվել, որպեսզի ԻԻՀ քաղաքացիներն այստեղ էլ կարողանան քվեարկությանը մասնակցել։
Ընտրողները սկզբում քվեաթերթիկի վրա դնում են իրենց մատնահետքը, հետո քվեախցիկում գրում նախընտրած թեկնածուի անունն ու գցում թերթիկը քվեատուփի մեջ։
Քվեարկությանն ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր մասնակցում է նաև ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա արդեն քվեարկել է։
Նշենք, որ ՀՀ տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների 3 տեղամաս է գործում` Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։
Նշենք, որ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին հունիսի 28–ին։ Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց անցողիկ շեմը, և նշանակվեց ընտրությունների 2–րդ փուլ։
Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները, հետևելով Սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին:
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է անցնեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին հանձնվելուց հետո 50 օրվա ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։