ՀՀ Սահմանադրությունը չունի հուզող հարցերի պատասխանները, բայց կան լուծման բանաձեր. Դիլանյան

ՍԴ նախագահը վստահ է` Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ ազգությունից և կրոնական ու քաղաքական հայացքներից, էթնիկ կամ սոցիալական ծագումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրությունը չունի ժողովրդին հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը։ Այս մասին Մայր օրենքի օրվա առթիվ հղած ուղերձում ասել է ՀՀ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը։
«Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը։ Սահմանադրությունը բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը: Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա»,– ասել է Դիլանյանը։
Նա նշել է, որ Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:
Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Դիլանյանի պնդմամբ` Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։
Ըստ ՍԴ նախագահի` պետք է գիտակցել, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ։ Նա վստահ է` Հայաստանում նույնպես պետք է ձևավորվեն Սահմանադրությունը զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով:
Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք. Խաչատուրյան