ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի–Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք կարող ենք նոր գործընթաց սկսել Սիրիայի հետ։ Մենք կարող ենք հրավիրել Պուտինին և Ասադին։ Եթե Պուտինը այցելի Թուրքիա, դա կարող է նոր գործընթացի սկիզբ դառնալ։ Սիրիային անհրաժեշտ է կարգավորման մշտական մեխանիզմ ստեղծել»,–հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է վերջ դնել անկայունությանը, որպեսզի Սիրիան, որի ենթակառուցվածքները ավերված են, իսկ բնակչությունը՝ ցրված, ոտքի կանգնի:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ահաբեկիչները մտահոգված են Թուրքիայի և Սիրիայի կառավարության միջև կապերի վերականգնմամբ:
Նա ընդգծել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակում է հանդես գալ միասնական Սիրիայի օգտին՝ նոր ներառական սահմանադրությամբ:
«Սիրիայի ապագայի կառուցման համար կարևոր է փոխգործակցության մեջ արմատախիլ անել ահաբեկչական կազմավորումները», – հավելել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հրաժարվելու պատճառ չի տեսնում: Էրդողանի այս հայտարարությունը դժգոհությունների տարափ է առաջացրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական նահանգներում: