ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Կայացել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով Ակորդայի (Ղազախստանի նախագահի պաշտոնական նստավայրը, – խմբ․) տարածած տեղեկությունը:
Տոկաևն ընդգծել է, որ Չինաստանի ղեկավարի այցն ունի բացառիկ նշանակություն:
«Չինաստանի ժողովրդական հանրապետությունը բարեկամ հարևան պետություն է, կարևոր ռազմավարական գործընկեր և մեր գլխավոր դաշնակիցներից մեկը», – հավելել է Ղազախստանի նախագահը:
Նա գոհունակություն է հայտնել այն աննախադեպ տեմպերի կապակցությամբ, որոնցով զարգանում են ղազախ-չինական հարաբերությունները, և աջակցություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու` Սիի նախաձեռնությանը:
«Չինաստանը մեզ համար ոչ միայն բարի հարևան է, այլ նաև մոտ բարեկամ և ժամանակով փորձարկված հուսալի գործընկեր», - հայտարարել է Տոկաևը:
Նրա խոսքով ՝ Ղազախստանն ու Չինաստանը կառուցել են «իսկապես օրինակելի միջպետական հարաբերություններ»՝ հիմնվելով ընդհանուր պատմության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության անխախտ արժեքների վրա:
Իր հերթին Սի Ծինփինն ասել է, որ Ղազախստանը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ընդունել է արդյունավետ քայլերի մի ամբողջ փաթեթ, ինչի շնորհիվ նկատելիորեն բարձրացել են երկրի ընդհանուր կարողություններն ու միջազգային հեղինակությունը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում երկրների ղեկավարների միջև կայացել է երկու հանդիպում՝ Սիանում և Պեկինում: Դրանց հիման վրա Տոկաևը և Սի Ծինփինը նախանշել են նոր ծրագրերը և որոշել «ոսկե երեսնամյակի» ընթացքում չին-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացման հիմնական ուղղությունները։
«Չինաստանը Ղազախստանի հետ հարաբերությունները միշտ դիտարկում է ռազմավարական բարձրությունից՝ երկարաժամկետ հեռանկարում Ղազախստանը համարելով իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը՝ սահմանակից երկրների Կենտրոնական Ասիայի կարևոր գործընկերոջ հետ հարաբերություններում», - ասել է նա:
Նշենք, որ Չինաստանի նախագահը Ղազախստանում է գտնվում պետական այցով։