Նարեկ Թևոսյանի կալանքը 2 ամսով երկարացվել է. փաստաբան

Թևոսյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը և 2 ամսով երկայացել Նարեկ Թևոսյանի կալանքը։
Ավելի վաղ ձայնագրություն էր տարածվել, որտեղ 2 արցախցիներից մեկը հեռախոսազրույցում պատմում էր Արցախում և բռնի տեղահանությունից հետո հագած իր կոշիկների գնային մեծ տարբերության մասին։ Իր խոսքում ասում էր «վնամըն», ինչն արցախյան բարբառով նշանակում է ոտնաման։ «Առաջին ալիքն» այդ խոսակցությունը մեկնաբանել էր այնպես, թե իբր տղամարդիկ խոսել են հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու մասին։ Հեռուստաընկերությունը «վնամըն» բառը ստուգաբանել էր որպես «վերցնել» և մեկնաբանել, թե 2200 դրամ են վերցրել, իսկ առաջ 40 000-ից պակաս չեն վերցրել։ Այս ռեպորտաժից հետո հեռախոսազրույցի մասնակիցներից մեկին` Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից բռնի տեղահանված Թևոսյանին, կալանավորել են։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունը այդ սխալի համար ներողություն էր խնդրել։
«Թևոսյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար «նյութապես շահագրգռելու» հոդվածով՝ արարք, որի քրեականացումն օրեր առաջ ուղիղ քննադատել էր ԵԽԽՎ-ն։ Այլ կերպ՝ եվրոպացիներն իրենց ոչ բնորոշ հստակությամբ ասել էին, որ տվյալ արարքը պետք է դադարի հանցանք լինելուց, և վերջ։ Այս պայմաններում մարդուն ոչ միայն ազատ չարձակելը, այլև կալանքի ժամկետը մի բան էլ երկարացնելը նշանակում է թքած ունենալ ԵԽԽՎ-ի հստակ ու հասկանալի դիրքորոշման վրա»,– գրել է Մելիքյանը։
Փաստաբանը նաև նշել է, որ Թևոսյանի նկատմամբ մոտեցումն արցախցիների նկատմամբ ՀՀ ներկայիս իշխանության անթաքույց թշնամանքի դրսևորում է։
Հիշեցնենք, որ Թևոսյանը 1 ամիս ժամկետով կալանավորել էր հունիսի 5-ին։
«Սա քաղաքական պատվերի դրսևորում է». Նարեկ Թևոսյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի