Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը

Կիրանց
Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին ասել էր, որ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։

«2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։