ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության բռնազավթումից հետո շուրջ 7 ամիս Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանի գործով օրերս առերեսում է տեղի ունեցել նրա և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջև։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Գալստյանը մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի։
«Մեր տեղեկություններով` Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը:
«Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին»,– հայտնում է թերթը։
Արցախի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Շահրամանյանը Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նախորդ տարի սեպտեմբերին ողջ արցախահայությունը Հայաստան տեղափոխվեց, մնացին հատուկենտ հայեր, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը և նրա կինը:
Սարգիս Գալստյանը կնոջ հետ
© Photo : Screenshot
Արցախի հայաթափումից հետո, երբ Գալստյանը դեռ Արցախում էր, լուրեր էին շրջանառվում, որ նա նշանակվել է Արցախի պարետ և ադրբեջանցիների հետ է համագործակցում։
2024 թվականի մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին Ադրբեջանի օգտին լրտեսության համար։