ՀՀ–ի կողմից քաջ և դրական քայլ էր. Իրանի դեսպանը` Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին

Մեհդի Սոբհանի
Դեսպանի խոսքով` այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ընդգծելով մեր դիրքորոշումը Պաղեստինի նկատմամբ` գիտեք, որ մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը, ՀՀ–ի կողմից այս քաջ ու դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի կանանց, տղամարդկանց ու երեխաների նկատմամբ սիոնիստական ռեժիմի կողմից»,– ասաց դեսպանը։
Ըստ նրա` այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին ու նրա իրավունքներին, պատմության ճիշտ կողմում են գտնվում։
Սոբհանիի խոսքով` այն հանցագործությունները, որոնք կատարվում են սիոնիստական ռեժիմի կողմից, հայտնի են ողջ աշխարհին, և ով լռում է այդ հանցագործությունների մասին, որոնք իրականացնում է Իսրայելը, նա մասնակից է սիոնիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին։
Հիշեցնենք` հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ երկիրը ճանաչում է Պաղեստինի անկախությունը:
Այս տարի Պաղեստինը ճանաչել էին նաև Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:
2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ–ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին