ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հերթական հաղորդումն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այդ օրը ԱԺ-ի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների և ոստիկանության միջև բախումներ տեղի ունեցան։
«Մենք հաղորդում ենք տալիս, որովհետև այդ օրը ոչ միայն հատուկ միջոցներ են կիրառվել կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է գործադրել, այլև եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք` խաղաղ հավաքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր։ Ոստիկանության մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարևանությամբ արգելվում է»,– ասաց Չալաբյանը։
Նա ընդգծեց` ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժեր ու ԱԱԾ ուժերը չեն կարողանում սեփական ուժերով դադարեցնել այդ անկարգությունները։
Չալաբյանը նաև շեշտեց, որ ոստիկանության ծառայողները նաև սադրել են ժողովրդին` շշեր են շպրտել մարդկանց ուղղությամբ։ Նա ևս մեկ պատճառ բերեց, թե ինչու են հաղորդում ներկայացրել դատախազություն` նշելով, որ որոշ քաղաքացիների հեռացրել են ցույցի վայրից և դաժան ծեծի ենթարկել։
Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։