Մտահոգիչ թվեր. ՀՀ–ում 2024–ի առաջին եռամսյակում թմրաշրջանառության 1130 դեպք է գրանցվել

Թմրամիջոցներ
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի առաջին եռամսյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,1%–ով։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի հունվար–մարտ ամիսներին 1130 դեպք է արձանագրվել, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 981 դեպք։
Համբարյանի ներկայացրած տվյալների համաձայն` 2023 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5070 դեպք, ինչը 123,7%–ով շատ է 2022 թվականին արձանագրված ցուցանիշից։

«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2266 դեպք, իսկ 2023 թվականին դեպքերի աճը կազմել է 123,7%, և արձանագրվել է 5070 դեպք։ Նշված դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը (2022-ին եղել է 1031 դեպք), այստեղ էլ աճ է նկատվում։ Բավականին մեծ թիվ են կազմել համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը»,– ասաց ՔԿ պաշտոնյան։

Համբարյանի խոսքով` այս ամենի հետ մեկտեղ աճ կա նաև պատասխանատվության ենթարկված անձանց մասով։ Նա ընդգծեց` 2023 թվականի առաջին եռամսյակում քրեական պատասխանատվության է ենթարկվել 144 անձ, իսկ այս տարի` 301։ 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ ներմուծելու դեպքերի աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 26 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի` 182 դեպք։
21–ամյա երիտասարդը փորձել է թմրանյութի փաթեթներ տեղադրել Երևանի տարբեր հատվածներում
ՔԿ պաշտոնյան երկրում թմրաշրջանառության ցուցանիշը և դեպքերի աճը մտահոգիչ ու անհանգստացնող է համարում։ Համբարյանի խոսքով` խնդիր իրոք կա, բայց ուժային կառույցներն ամբողջ գործիքակազմով աշխատանքներ են իրականացնում։
Նշենք, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրը։
Իրանից ՀՀ ժամանած ավտոմեքենայում ավելի քան 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. տեսանյութ