Ջուլիան Ասանժն արդեն Ավստրալիայում է. ինչպես են դիմավորել նրան

«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել` գործարք կնքելով ամերիկյան դատախազության հետ:
Sputnik
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հասել է Կանբերա (Ավստրալիա)։ Նրան դիմավորել են ծափերով։
Իջնելով սանդուղքից՝ Ասանժն առաջին հերթին գրկել է կնոջն ու հորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասանժի գործը պաշտոնապես կարճվել է, նա ամերիկյան դատարանից դուրս է եկել որպես ազատ քաղաքացի։
Հիշեցնենք` հունիսի 24-ին Լոնդոնի դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին «Բելմարշ» բանտից, որտեղ նա անցկացրել էր 1901 օր։
Ասանժը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց՝ հիմնելով «WikiLeaks» կայքը, որտեղ հրապարակվել են հարյուրհազարավոր գաղտնի նյութեր, այդ թվում, օրինակ, Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու տեսագրությունը:
Ասանժին ԱՄՆ-ում սպառնում էր 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով: