ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող է ունենալ։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Հայ-ռուսական դաշնակցության արդյունքը եղել են երկու հայկական պետականությունները, զարգացած տնտեսությունը»,- նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքի ձգտումը՝ Վրաստանից ստանալ նոր հակառուսաստան և նոր Ուկրաինա, չիրականացավ, որովհետև Վրաստանում կա պետականամետ, ազգային, ինքնիշխան ղեկավարություն, որը շատ ուղիղ ասաց՝ այո, մեր ճանապարհը դեպի Եվրոպա է, բայց մենք Արևմուտքի ձեռքը գործիք չենք դառնա Ռուսաստանի դեմ։
Շարմազանովը հիշեց Օտտո ֆոն Բիսմարկին, որն ասել է` միայն հիմարը Ռուսաստանի դեմ կարշավի, և խորհուրդ է տվել հարձակումներ չգործել և դավեր չնյութել այս երկրի դեմ։
Նա վստահեցրեց` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի կողմից ներվելու է ամեն ինչ, քանի դեռ նա հակառուսական գծի մեջ է։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը մի փոքր քաղաքական հաշվարկ և ուղեղ ունենար, կասեր՝ էս Վրաստանը, որ 100 տարի եվրաինտեգրման էր գնում, ԵՄ ճանապարհին էր, հազար ձևի թելերով կապված է Եվրոպայի հետ, չի մտնում էս ավանտյուրայի մեջ ընդդեմ Ռուսաստանի, ես ո՞ւր եմ մտնում»,- ընդգծեց Շարմազանովը։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը: Օրերս մամուլը գրեց, որ չի բացառվում` ԵՄ-ն, ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքի, մի շարք միջոցներ ձեռնարկի Վրաստանի դեմ, այդ թվում՝ կասեցնի բարձրաստիճան պաշտոնյանների այցերը: Աղմկահարույց օրենքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել նաև ԼԳԲՏ քարոզչության հրապարակային ակցիաները, իսկ սեռափոխության գործողությունները` քրեականացնել:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «TRT World» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները, որոնց ՀՀ–ն ստիպված է դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում` Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում ՝ ԵՄ անդամակցության գաղափարը: Նա վստահեցրել էր, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։
Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկել է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ` հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում այդ թեմայով խորհրդարանական լսումներ անցկացվեցին։