ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է նրա շահերի պաշտպան Ռոման Երիցյանը։ Նա պարզաբանել է՝ խոսքը 20 օրով կալանքի մասին է։
«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա»,- ասել է Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ կայացրած որոշմամբ Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել։
«Թե՛ Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։ Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- հավելել է Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։