ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևան քաղաքում փոսալցման աշխատանքների հետ կապված 4 վարչական շրջանի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են, առաջիկայում նորերը կկնքվեն։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
«Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը լուծվել են։ Այսօր նոր պայմանագրեր կկնքենք ու կշարունակենք մեր փոսալցման աշխատանքները Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ–Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Այդ հատվածներում ծավալներ ունենք»,– ասաց Հարությունյանը
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը նշեց, որ տեխհսկողության հետ կապված իրենց մոտ խնդիր կար, բայց նախկին տեխզննողի հետ արդեն պայմանագիրը լուծել են։
«Հիմա դիմել ենք մեկ անձից գնում կատարելու, նոր մարդկանց հետ պայմանագիր կնքելու համար, որ աշխատանքները շարունակենք։ Մեզ մոտ 2 անգամ քանդել ենք տվել տոմետներն ու եզրաքարերը, լավ չէին արել, մենք էլ աշխատանքները չէինք ընդունել, գումարն էլ չենք տվել»,– ասաց Հակոբյանը։
Տեխհսկողության հետ կապված Կենտրոն վարչական շրջանում նույնպես խնդիրներ են առաջացել, այստեղ էլ պատրաստվում են մեկ անձից գնման տարբերակով պայմանագիր կնքել այլ կազմակերպության հետ։
Ավինյանը հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանին, որպեսզի խնդիրները քննարկվեն ու հենց այսօր էլ լուծվեն։
«Էս շաբաթ ավարտեք, որ մյուս շաբաթ էս հարցը տրվի ու ասվի` ունենք տեխհսկող, աշխատում ենք»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին տեղացած հորդառատ անձրևներից հետո մի շարք վարչական շրջաններում գույքագրվել էին փոսերը, բայց դրանց ծավալները դեռ չէին հաշվարկվել։ Այդ ժամանակ նշվել էր, որ ծրագրով նախատեսված էր 104 000 քմ նորոգման աշխատանքներ կատարել, որից 75 000 քմ–ն այդ պահի դրությամբ արդեն իսկ արվել էր։